ՆԱՏԻՆ ՊԱՍՄԱՃԵԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵԴՐՈՆ

Տիրամայր Հայաստանի հովանու ներքոյ արդէն ութերորդ տարին գործում է Նատին Պասմաճեան Ցերեկային Խնամքի Կեդրոնը, որը ընկերային աջակցութիւն եւ ցերեկային խնամք է տրամադրել աւելի քան հարիւր եօթանասուն եւ աւելի տարեցների:

Կեդրոնի նպատակն է բարելաւել Գիւմրու տարեց մարդկանց կեանքի պայմաններն ու նրանց ընկերային-հոգեբանական վիճակը:

Ցերեկային Խնամքի Կեդրոնի հիմնական շահառուները միայնակ, լքուած եւ անապահով տարեցներն են: Կեդրոնի որակեալ անձնակազմի աշխատանքներն օժանդակում են տարեցների սեփական կեանքի կազմակերպման, ընկերա- հոգեբանական, առողջապահական եւ ինքնասպասարկման հետ կապուած լուրջ դժուարութիւնների յաղթահարմանը:

Նատին Պասմաճեան Ցերեկային Խնամքի Կեդրոնը տարեցների համար կարողացել է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ տարեցն անցկացնում է յագեցած ու բազմազբաղ առօրեայ՝ ստանալով սննդարար կերակուրներ, ընկերա- հոգեբանական, իրաւաբանական խորհրդատւութիւն, առողջապահական միջամտութիւն, բժշկական ծառայութիւն, անհրաժեշտ դեղորայք, վիրահատական միջամտութիւն: Երեք տարի շարունակ “Հայ Ակնաբուժական նախագիծ” ծրագրի աջակցութեամբ Կեդրոնի շահառու տարեցների աչքի վիրահատութիւն է կազմակերպւում:

Կեդրոնը հոգում է նաեւ տարեցների մշակութային եւ հոգեւոր կարիքների բաւարարման հարցը: Նրանք մասնակցում են տարաբնոյթ միջոցառումների, կազմակերպւում է նրանց արտագնայ հանգիստը Շիրակի մարզի եւ Ծաղկաձորի հանգստեան գօտիներում: