ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
2005 թուականը սկիզբ հանդիսացաւ Տիրամայր Հայաստանի Երգչախումբի կազմաւորմանը՝ Պօղոսեան Կրթահամալիրի ղեկավար, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան Ընդհանուր Մեծաւորուհի Մայր Արուսեակ Սաճոնեանի եւ ղեկավար Մաեսթրօ Ռոպէրթ Մլքէեանի նախաձեռնութեամբ:
Երգչախումբը բաղկացած է “Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիր”-ի շնորհալի սանուհիներից, ինչպէս նաեւ՝ տեղի երաժշտական դպրոցներ յաճախող տաղանդաւոր պարմանուհիներից:
Մաեսթրօ Մլքէեանի հետեւողականութիւնն ու պահանջկոտութիւնը օգնում է, որ երգչախմբի դեռատի անդամները կատարեն իրենց հիմնաւոր քայլերը երգեցողութեան արուեստի մէջ՝ արժանանալով նրբաճաշակ ունկնդիրների հիացմունքին:
Երգչախմբի երգացանկում սկզբում ընդգրկուած են եղել հայ դասական երգեր եւ ապա հարստացուել է միջազգային երգահանների եւ հայ հոգեւոր երաժշտութեան ստեղծագործութիւններով, ինչպիսիք են շարականները, Սուրբ Պատարագի երգերը եւ Կոմիտասի հոգեւոր երաժշտութեան մշակումները:
Երգչախումբը բազմաթիւ ելոյթներով հանդէս է եկել Հայաստանի, Ֆրանսայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Բելգիայի, Լիբանանի զանազան առաջնակարգ բեմերում՝ ներկայացնելով յայտնի երգահանների ստեղծագործութիւնները:
Տիրամայր Հայաստանի Երգչախումբը պատիւ ունեցաւ մասնակցելու Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած Սուրբ Պատարագին, որը մատուցեց Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Քահանայապետը:
2016թ.-ին երգչախումբը պատիւ ունեցաւ մասնակցելու Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Քահանայապետի՝ Գիւմրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագին: Երգչախումբը կատարեց Պատարագի լատինական հատուածը:
2018թ.-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Երգչախումբը պատիւ ունեցաւ մասնակցելու Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան հիմնադրման 170 ամեակին նուիրուած Սուրբ Պատարագին: Այնուհետեւ, Միաբանութեան Մայրավանքում Երգչախումբը հիացրեց ներկաներին իր շլացուցիչ համերգային ծրագրով: