ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1992

Ի սկզբանէ, Քոյրերն իրենց գործունէութիւնը ծաւալել են Սպիտակում: Այնուհետեւ, 1992թ.-ից հաստատուեցին Արեւիկ գիւղում, իսկ Փանիկ եւ Լանջիկ գիւղերում ծաւալում էին կրօնի դասաւանդում՝ Կրօնի Խորհրդի Նախարարութեան հրամանով:


1993

Քոյրերը տեղափոխուեցին Գիւմրի `շարունակելով իրենց առաքելութիւնը երեք գիւղերում: Կրօնի դասերի ժամանակ Քոյրերը ականատես եղան բազում որբացած երեխաների խղճուկ վիճակին: Նրանք երկրաշարժից կամ Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժուած երեխաններն էին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին:


1994

Այդ տուժուած երեխաների հոգեկան եւ նիւթական ցաւալի վիճակը պատճառ դարձաւ ծրագրելու ամառային ճամբարները: Սկզբնական շրջանում, Քոյրերն օգտագործում էին Հանքավանում եւ Բիւրականում վարձակալած շենքեր, մինչեւ որ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի Հայկական Ալիանս հիմնադրամը նուիրաբերեց Ծաղկաձորի համալիրը:
Ճամբարային ծրագիրը պատճառ դարձաւ հիմնադրելու Գիւմրու Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը: Պօղոսեանների ցանկութիւնն էր, որ ճամբար եկող որբ երեխաները կարողանային մնալ Քոյրերի հոգածութեան ներքոյ ամբողջ տարին:


1998

Տեղի ունեցավ Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրի բացումը: Կրթահամալիրը “Ռոպէր Պօղոսեան եւ Որդիներ” հիմնադրամի նուէրն է Քոյրերին, ովքեր խորապէս երախտապարտ են առատաձեռն բարերարներին՝ Կեդրոնի ընթացիկ ծախսերի շարունակական ֆինանսաւորման համար:


2005

Սոյն թուականը սկիզբ հանդիսացաւ Տիրամայր Հայաստանի Երգչախումբի կազմաւորմանը՝ Պօղոսեան Կրթահամալիրի ղեկավար, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան Ընդհանուր Մեծաւորուհի Մայր Արուսեակ Սաճոնեանի եւ ղեկավար Մաեսթրօ Ռոպէրթ Մլքէեանի նախաձեռնութեամբ:


2009

2007 թ.-ի յունիսին, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութիւնը նախաձեռնեց Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրի տարածքում կառուցել Արհեստի Դպրոց՝ նպատակ ունենալով հնարաւորութիւն ընձեռելու հայ երիտասարդներին դառնալու հմուտ եւ որակեալ մասնագէտներ: Կառուցողական աշխատանքները ավարտուեցին 2009թ.-ի յունիսին:


2010

Սոյն թուականին հիմնադրուեց Նատին Պասմաճեան Ծերերի Ցերեկային Խնամքի Կեդրոնը՝ Ժնեւի Հայկական Ալիանս հիմնադրամի դիմումի համաձայն՝ նպատակ ունենալով բարելաւել Գիւմրի քաղաքի տարեցների կեանքի պայմաններն ու նրանց ընկերա-հոգենաբական վիճակը:


2015

Պէզիքեան ամուսինների առատաձեռն նուիրատուութեան շնորհիւ Երեւանում տեղի ունեցաւ Անի Պէզիքեան Երիտասարդական Կեդրոնի հանդիսաւոր բացումը՝ նպատակ ունենալով կրօնա-բարոյական դաստիարակութեամբ պատրաստել օրինակելի քաղաքացիներ եւ ապագայ մայրեր: