Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրն այս տարի մեծ խանդավառութեամբ տօնեց հիմնադրման 25-ամեակը: Կրթահամալիրի գլխաւոր բարերար պարոն Ալբերտ Պօղոսեանի հետ տօնակատարութեանը ներկայ էին նաեւ բազմաթիւ պաշտօնատար անձինք, հոգեւորականներ, հիւրեր և Կրթահամալիրի նախկին ու ներկայ սաներ,: Գյումրու համայնքապետ պարոն Վարդգէս Սամսոնեանի կողմից «ԵՐԱԽՏԻՔԻ ՄԵԴԱԼ» յանձնուեց Պողոսյան Հիմնադրամին՝ յանձինս Ալբերտ Պoղոսեանին:
Կենտրոնում այս տարի իրենց ապաստանն են գտել 22 ծնողազուրկ / լքուած երեխայ, ովքեր յաճախում են մանկապարտէզ կամ հանրակրթական դպրոց:
Ամէն տարուայ նման այս տարին եւս գերյագեցած էր բազմաթիւ միջոցառումներով, հանդիպումներով, համերգներով, այցելութիւններով և հիւրերով: Կազմուած ծրագրերն ընդգրկում էին եւ՛ հոգեւոր, եւ՛ աշխարհիկ, եւ՛ մշակութային, եւ՛ բարոյական չափանիշներ պահանջող հարցեր: Այս ամէնի հիմքում դրուած էին սաներին կրթելու, խնամելու, օգտակար լինելու բոլոր սկզբունքները:
Երեխաների առօրեան շատ էր յագեցած: Նրանք մասնակցում էին Կենտրոնում գործող երգի, պարի, նկարչութեան, ձայնամարզութեան եւ ձեռագործի խմբակների, ինչպէս նաեւ համակարգչային և ռոբոտաշինութեան դասընթացների: Քոյր Նարինէն ջանք չխնայեց «Մոնտեսորիի դասարանը» կեանքի կոչելու համար: Այնտեղ յատուկ դաստիարակութիւն են ստանում Կենտրոնի մենչեւ վեց տարեկան փոքրիկները:
Կենտրոնում կազմակերպւում են Տաղաւար տօներին նուիրուած միջոցառումներ, ինչպէս նաև հայրենասիրական տօներ Վարդանանք, Եղեռնի զոհերի յիշատակի օր, Երեխաների պաշտպանութեան օր, գրական-երաժշտական միջոցառումներ՝ Լիոնի փոքրիկ երգիչների մէկ օրը Գիւմրիում և Թաթուլ Ալթունեանի անուան համոյթի համերգ:
Մեծ ոգեւորութեամբ, աղ ու հացով դիմաւորեցին Կենտրոն այցելած Մարսէլի Արքեպիսկոպոս Կարդինալ Ժան Մարգ Ավըլին և Լեհաստանի Հանրապետութեան առաջին տիկին Ագատա Կորնհաուզեր-Դուդային:
Քոյրերի և մանկավարժների, սպասարկող ողջ անձնակազմի աշխատանքները տուել են իրենց ցանկալի արդիւնքը՝ երեխաների համար տունը դարձել է սիրելի վայր:
Կենտրոնի ողջ գործընթացի իրականացումը արդիւնք է բարերարների անմնացորդ նուիրումի, որի համար յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը: